ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ապրող հանգուցյալը

Ապրող հանգուցյալը
09.06.2023 | 16:31

Երազումս մեռել էի՝ ժամանակից շուտ, անժամանակ, անսպասելի և դավադրաբար…

Սովորաբար երազներս մոռանում եմ արթնանալուն պես, քանզի իրականությունը հաճախ ավելի հեքիաթային ու զարմանահրաշ է լինում, մատուցում սահմռկեցուցիչ անակնկալներ, իսկ վերջին շրջանում հիշեցնում անմարդկային սարսափի և մարտաֆիլմեր, քան երազում ծավալվող աներկբա աննախադեպ իրադարձությունները, որոնք հիշողության մեջ վերականգնելը գործնականում անհնարին է լինում: Ինչևէ:

Ինձ պատանել էին եռագույնով. այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե անհատի, այլ մի ամբողջ ժողովրդի են պատրաստվում հուղարկավորել: Մինդեռ ժողովրդից ոչ ոք ինձ և, հատկապես, ինքն իրեն մեռնելու մանդատ չէր տվել…

Ոմն ինքնակոչ կազմակերպիչ, որն ավելի շուտ մոդերատորի, քան ղեկավարի դեր էր ստանձնել, իր ուսապարկից ժամանակ առ ժամանակ դուրս էր բերում հաղորդիչն ու, ամենայն հավանականությամբ, ոչ միայն ցուցումներ, այլև բարոյական աջակցություն ստանում ինչ-որ անհայտ կենտրոնակայանից:

Խոսակցի հարցերին պատասխանում էր գավառական բարբառային շեշտված առոգանությամբ: Հստակ հնչում էր միայն անգլերեն խրորտ օքեյը կամ արևելալեզու մաշալլան…

Ենթադրեցի, թե թաղման հանձնաժողովի նախագահն է, որը տարօրինակ, սատանայական արտաքին և շարժուձև ուներ՝ երկար ու ցից ականջներ և նույնանման կոտոշներ, վավաշոտ շրթունքների արանքից մերթընդմերթ դուրս ժայթքող մկրատաձև լեզու: Նրա հրամաններին հնազանդորեն ենթարկվում էին թաղման հանձնաժողովի բոլոր անդամներն անխտիր: Ավելին, նրանք իրենց վզից կախված բեյջերի վրա զետեղել էին շեֆի գունավոր լուսանկարը: Հետո այդ մարդանման արարածը վերցրեց մուրճն ու մեխերը, հանձնարարեց կափարիչը դնել դագաղի վրա, որի մեջ պառկած էի ես, որպես իմ հայրենիքի ենթադրյալ խորհրդանիշ, և սկսեց իր գեղեցիկ մետաքսե ժապավենով երիզված մուրճով, հայտնի մանգաղի բացակայությամբ, գերագույն բավականություն ստանալով, մեխել կափարիչը:

Ես լսում էի մուրճի հարվածների ձայնը, դահճի հռհռոցը:

Ամեն մի գամ թվում էր, թե սրտիս մեջ է խրվում, ամեն մի հարվածից հետո ընկնում էի ցնցումների մեջ: Իբրև վերջին հույսի նշույլ, ակնկալում էի, որ հավաքված բազմությունը կբռնի այդ դաժան և արնահեղ ձեռքը, և ես ազատություն կստանամ:

Բայց ոչ: Նույնիսկ համաներման պայմանով դահճի հետ ձեռքսեղմումը անընդունելի էր: Մեռելային անհաղորդություն էր տիրում շրջապատի կողմից տեղի ունեցող ողբերգության հանդեպ:

Ապա դագաղս դրեցին սևազգեստ՝ սև կոստյումներով և վերնաշապիկներով, սև փողկապներով և շլյապաներով, սև անթափանց ապակիներով ակնոցներն աչքերին սև ագռավների երամ հիշեցնող անձանց ուսերին, որոնց միմյանցից զանազանելու միակ միջոցը բաճկոններին փակցված տարբեր ժողովրդավար և մարդու իրավունքների ջատագով երկրների և կազմակերպությունների տարբերանշաններն էին՝ իրենց դրոշների պատկերներով:

Ակնհայտ էր, որ նրանք սգահանդեսների ծառայության հմուտ և արհեստավարժ վարպետներ են:

Թափորը հանդիսավորությամբ առաջ շարժվեց: Սգո երաժշտության առաջարկությունը կոպտորեն մերժվեց շեֆի տիկնոջ և ընտանիքի անդամների կողմից:

Ի՛նչ սուգ, երբ ամբողջ առաջադեմ մարդկությունը, միջազգային հանրությունն իր բոլոր մարդասիրական կառույցներով նախապատրաստվում է նշելու ոչխար խուզելու համաշխարհային օրը: Այսինքն, այդ օրը բոլոր թիմակիցները մեծ նվիրումով տժժալու էին և չարժեր իմ նման երկրորդական մի զոհի պատճառով տրամադրություն փչացնել: Ես տեսնում էի այդ ամենը, ես դեռ ողջ էի: Իսկ թափորն անցնում էր բութ և անտարբեր հայացքներով ամբոխի միջով: Ես բղավում էի՝ ինչ եք ապուշ կտրած ցցվել, խլեք սրանց ձեռքից իմ դիակը, թողեք գոնե մեռնելուց առաջ մի ձայն հանեմ, բողոքեմ, հայտարարեմ ի լուր աշխարհի, որ ինձ խաբել են, ասացին` «ապագա կա, կա ապագա», խոստացան պայծառ և բարեկեցիկ գալիք, բայց թիկունքից հարվածեցին՝ օգտվելով իմ անուղղելի միամտությունից և հիմար դյուրահավատությունից, հնարավորություն տվեք մեռնելուց առաջ գոնե խռխռացնեմ:

Ավա՜ղ: Նրանք շարունակում էին բութ համառությամբ ուղեկցել իմ դիակը: Ես փորձեցի շարժվել դագաղիս մեջ, ընդդիմանալ, բռունցքներով հարվածեցի պատերին: Առաջնորդը հրամայեց, որ ինձ հետմահու տուգանեն նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկի չափով: Ես ընդվզեցի, ես տուգանքի մատերիալ չեմ՝ ձայնս գլուխս գցեցի, բայց ձայն բարբառո անապատի:

Ստիպված էի միջազգային հանրության ճնշման տակ իջեցնել նշաձողս և համակերպվել վիճակիս հետ, վախենալով, որ իմ գործած հասարակական կարգի առերևույթ խախտման պատճառով կարող են ունեզրկել ընտանիքս՝ պետական կարիքների համար բռնագանձել ունեցվածքս՝ «գույք տուգանքի դիմաց» բանաձևով:

Վերջապես բարեհաջող հասանք նշանակման վայր՝ նախապես խնամքով, սիրո ու հանդուրժողականության կարգախոսի ներքո պատրաստված, հին գորգերով ու կարպետներով գեղագիտորեն զարդարված խոր փոսին՝ մեկ մետրը երկուսի վրա մակերեսով՝ չհաշված դելիմիտացիայի և դեմարկացիայի աղաղակող խախտումներին, կադաստրի վկայականի բացակայությանը և այլ թերությունների, որոնք կոծկվել էին թաղման հանձնաժողովի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթավորմամբ:

Հետո պետք է պարզվեր թույլ տրված օրինախախտումների բնույթն ու ծավալները՝ փաստորեն գերեզմանի գործը պարունակում էր կառավարելի կոռուպցիոն ռիսկեր՝ մեկ անձից էին կատարվել բոլոր գնումները՝ դիահերձարանից մնչև հանգուցյալի հագուստի ձեռքբերում, թաղման արարողությունից մինչև գերեզմանափորների վարձատրություն, դագաղից մինչև սգո սրահ, ծաղիներ, պսակներ, հոգեհաց...

Մի խոսքով մոդերատորը կասկածվում էր խոշոր չափերի հափշտակության մեջ նոր ընդունված քրօրենսգրքի մի քանի հոդվածներով, ուռճացված էին նաև ձեռք բերած ապրանքների գները, առկա էր առերևույթ խարդախություն հոգեհացի և ռեեստորանի վարձակալության վճարման չափերում: Նախատեսում էր առաջիկա ԱԺ նիստում ձևավորել քննիչ հանձնաժողով՝ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի դրույթները վերանայելու նպատակով:

Ես իմ փոխադրամիջոցով հանգրվանեցի գերեզմանափոսի հատակին, որտեղից լսելի էին սգո հանդեսի մասնակիցների սրտաճմլիկ ճառերը, ճառասացների փութկոտ ու ժրաջան գործողությունները՝ հող էին լցնում վրաս:

Ամենից ազդեցիկը, որը հուզեց ինձ չափազանց, շեֆի տիկնոջ խոսքն էր, որը հընթացս ֆոտոսեսիա էր անցկացնում՝ հասարակության խանդավառությունը վառ պահելու համար և հավանաբար գիտակցելով, որ պատմության հիշողությանն է կտակում աննախադեպ օրվա երևույթին իր մասնակցության խորհուրդը՝ «Հող էր հող դարձավ»,- ասաց նա կենտրոնական խոսափողին մոտենալով և հրավիրեց սգո հանդիսության բոլոր մասնակիցներին թեյ խմելու և արևելյան քաղցրավենիքներ վայելելու՝ մուղամի և շիքյասթիի ուղեկցությամբ:

Ես ոչ միայն հուզվեցի, այլև նախանձեցի հնարավոր հավաքի մասնակիցներին, որովհետև գիտեի, որ հանդիսությունը եզրափակվելու էր մարիխուանայի և կոկաինի հյուրասիրությամբ:

Մի պահ նույնիսկ մտքովս անցավ, թե երանի մի պտղունց լիներ դագաղի մեջ, քիթս քաշեի ու վերանայի դաժան իրականությունից, որում հայտնվել էի իմ էշ խելքի պատճառով:

Մահախոսականի ավարտին տիկինը ծնկի եկավ և խոնարհվեց իմ հիշատակի առջև՝ մի գույնզգույն ու բազմերանգ ծաղկեփունջ շպրտելով գերեզմանաթմբիս: Շեֆը մարաթոնյան շան նման լեզուն կախ գցած, ամորձիներն անվերջ քորելով, զրահաբաճկոնի տակ պահվող ատրճանակը իբր միամտաբար ցուցադրելով, հիացմունքով լսում էր կնոջ դարակազմիկ խոսքը:

Տեսքն ազդեցիկ էր իր ճղճիմության ամբողջ կատարելությամբ: Շեֆը հպարտ էր իր տիկնոջ կեցվածքով, նա այդ պահին իր սրտի ուզած հպարտ քաղաքացին էր, միակն ու բացառիկը բազմաթիվ թագուհիների մեջ, որը հանդես էր գալիս նոր հայացքներով, նորովի մեկնաբանում նոր աշխարհակարգում իմ լինել-չլինելու հիմնախնդիրը: Ես պարտավոր էի վերանալ հանուն իմ վաղվա օրվա, հանուն խաղաղության պահպանման աշխարհացունց օրակարգի: Այլևս աշխարհի ամենակնճռոտ և արդարություն պահանջող հիմնախնդիրը կարելի էր լուծված համարել ամենաբարձր ատյանների մակարդակով՝ մարդասիրության և ժողովրդավարության տառին համապատասխան:

Այնուհետև խոսափողը տրամադրվեց դատախազին, որը պահանջեց քառասունքս լրանալուն պես արտաշիրիմում կատարել՝ պարզելու նախ իմ ինքնությունը՝ թե արդյոք ես` ե՞ս եմ, թե՞ մեկ ուրիշը, ինչպես նաև իմ մահվան պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Թաղման արարողությունը մոտեցավ տրամաբանական ավարտին: Հնչում էին հրավառությունների համազարկերը:

Նա նաև ակնարկեց, որ քաղաքական հալածանքները, շրջափակումը, վերջապես գնդակահարությունը ինձ համար մեղմ պատիժներ են եղել, անհրաժեշտ է ամեն գնով՝ հարալեզներով թե ցողունային բջիջներիս մեջ կենսահյութ ներարկելով հարություն տալ նվաստիս և ճաղավանդակի մեջ փակված շրջել երկրի բոլոր բնակավայրերով, ի ցույց ամենի ստիպել ինձ վնգստալ, ծեփել պատերին, շռել վրաս և փռել ասֆալտին՝ չորանալու: Հարկ եղած դեպքում կտրել լեզուս, ականջներս, թաթիկներս, միգուցե հատել նաև այլ մարմնամասեր:

Ձեռքի հետ, որոշ դաբախանի եզներ կարող էին նաև շինելու նկրտումներ ունենալ, բայց դիակը պետք է գտնվեր պետական պահպանության տակ հատուկ ծառայությունների հոգածության ներքո` անձեռնմխելի…

Բա ինձ պե՞տք էր այդ դժբախտ ու դժգույն կյանքը՝ մխիթարում էի ինքս ինձ, իբր թոթափելով դարավոր զրկանքներն ու տառապանքները, միանձնյա մաքառումի տվայտանքներս և մահը գերադասում էի կյանքից: Շունը, որ մինչ այդ շան թաթ չէր կծում, գելխեղդի դուխով արյունլվիկ արեց նրան:

Ինչ-որ բանի վրա հարձակվեց ոչ մի բանը:

Ոչ մի բանը հարու տվեց իրեն հայհոյող ամեն բանին և մի ուղտաթուք արտաթորեց ըռխից:

Ստորաքարշ սողունը տաճարում հայտնվեց և աքացիով յաթաղանեց ամեն բան:

Ամեն բանին խայթեց գյուրզայի ծնունդ լպրծուն լորտուն:

Ծառան խոցեց տիրոջ հետույքը:

Բանն անցավ բանից, երբ ամեն բան պարզվեց, այլևս առ ոչինչ էին և ամեն բանը, և ինչ-որ բանը, և ոչ մի բանը:

Երազային մղձավանջն աստիճանաբար տեղի էր տալիս՝ տեղը զիջելով իրականությանը: Արթնանում էի ազմուկ-աղաղակից, ռումբերի պայթյունների որոտից:

Ըստ օդում թափառող լուրերի, Ագռավաքարից դուրս էին եկել ինչ-որ ուժեր և հաշվերհարդար էին տեսնում նախ դավաճանների, որ թիկունքն ամուր լինի, ապա արտաքին թշնամիների հետ:

Դրսում ցնծություն էր: Գիշերային մղձավանջը նահանջում էր: Տակավին երազային անուրջների մեջ լսվում էին պատերազմի աստծու՝ հրետանու համազարկերը:

Անտարբեր ամբոխը արթնացել էր՝ հասկանալով, որ այն ողբերգական ճակատագիրը, որ պատուհասել էր ինձ, արդեն սպառնում է իրենց: Թշնամին մոտեցել էր սրճարանների և խաղատների մատույցներին: Հայրենիքը վտանգի մեջ է: Մինչև իրենց ոտքի կոշտուկը չտրորեցին՝ չարթնացան թմբիրից, շարունակում էին անհոգ զվռնել ու պարապ չափչփել փողոցները, անիմաստ մսխել թանկագին ժամանակը: Դե, ձեզ տեսնեմ, խրամատներ փորեք ձեր տների շուրջ,-մտքումս հեգնեցի ես՝ փառք տալով երկնային տիրոջը, որ արթնացա, թեև դեռ չէի կողմնորոշվում, թե որն է երազը՝ այն, ինչ տեսնում եմ քնած, թե արթմնի: Կարևոր է, որ արթնանալուց հետո հիշես երազդ:

Չգիտեմ, երազները հուշում և զգուշացնում են առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին, թե պարզապես մեկ այլ իրականություն են տեղափոխում մարդուն, սակայն մի բան պարզ է՝ դու անցնում ես նրա միջով, ապրումներ ունենում, հայտնվում մի իրականության մեջ, որտեղ քնած, այսինքն, մեռած ես և անկարող ազդելու, գործելու, քո կամքը թելադրելու, ինքնուրույն տնօրինելու գործողություններդ ըստ ցանկության և անհրաժեշտության:

Երազում դու անտեսանելի ինչ-որ մեկի ստրուկը, կամակատարն ու իրադարձությունների դիտորդ ես:

Խամաճիկը գաղափարազուրկ է, այսինքն, մարդ, բանական արարած չէ: Իսկ եթե գիտակցաբար հրաժարվում ես դիմադրողականությունից և պայքարից, համակերպվում նվաստացուցիչ վիճակիդ, ուրեմն, դու պարզապես ապրող հանգուցյալ, այսինքն, ՈՉԻՆՉՆ ես:

09.06.2023 թ.

Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 8683

Մեկնաբանություններ